ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատվաստանյութերի հակառակորդ կրտսեր Ռոբերտ Քենեդիին առաջադրել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնի համար։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ռոբերտ Ֆ. Քենեդի–կրտսերը կդառնա Միացյալ Նահանգների առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարը: Տևական ժամանակ ամերիկացիները տառապում էին արդյունաբերական պարենային համալիրից և դեղագործական ընկերություններից, որոնք հանրային առողջության հարցերում դիմում էին խաբեության և ապատեղեկատվության»,- գրել է ԹրամփըTruth Social-ի իր էջում։
Նա վստահեցրել է, որ կրտսեր Քենեդին ԱՄՆ–ում «վերջ կդնի քրոնիկ հիվանդությունների համաճարակին»։
«Դրանից հետո պատվաստանյութեր արտադրողների բաժնետոմսերի գներն իջան. Moderna-ինը՝ ավելի քան 5%–ով, Novavax-ինը՝ 7%–ով, Pfizer-ինը՝ 2%–ով»,– գրում էCNBC-ն։
Կրտսեր Ռոբերտ Քենեդին, որը նախկինում եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ, վերջին ընտրություններում առաջադրվել էր որպես անկախ թեկնածու։ Սակայն հետագայում նա որոշեց աջակցել Թրամփին՝ դա բացատրելով առանցքային որոշ հարցերի վերաբերյալ նմանատիպ դիրքորոշումներ ունենալով, այդ թվում՝ խոսքի ազատության և տնտեսական անկախության վերաբերյալ:
Ավելի վաղ Քենեդին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն, ընդլայնվելով դեպի արևելք, խախտել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Նա ընդունում էր, որ ԱՄՆ-ն միտված է երկարաձգելու ուկրաինական հակամարտությունը, առավելագույնի հասցնելու արյունահեղությունը, և կոչ էր անում ԱՄՆ-ին նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ միջուկային պատերազմից խուսափելու համար։ Քենեդին ասում էր, որ Բորիս Ջոնսոնը, Բայդենի թելադրանքով, 2022 թվականին ստիպել է Զելենսկիին խափանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։