ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Լիբանանի սահմանի մոտ հասցված իսրայելական հարվածների արդյունքում Սիրիայի Էլ Քուսեյր քաղաքի շրջանում ամբողջությամբ կամ մասնակի ավերել է յոթ կամուրջ, այդ թվում՝ երկուսը պատմական: Այս մասին սիրիական Sham FM ռադիոկայանին հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ռամեզ Սաադիան։
«Էլ Քուսեյր քաղաքի շրջանում իսրայելական ագրեսիայի ընթացքում հարվածներ են հասցվել բոլոր կամուրջներին, որոնք Էլ Ասա գետի արևմտյան ափը կապում էին արևելյան ափի գյուղերի հետ, արգելափակվել է մայրուղիներով երթևեկությունը քաղաքի և նրա շրջակայքի միջև»,-ասել է նա:
Տեղական իշխանություններն աշխատում են գետի վրայով ժամանակավոր անցումների կառուցման ուղղությամբ, որպեսզի տեղացիներին, հրշեջներին և փրկարարներին հասանելիություն ապահովեն քաղաքից կտրված շրջաններին:
Հոկտեմբերի վերջից ի վեր Սիրիայի արևմուտքում՝ Հոմս նահանգում գտնվող Էլ Քուսեյր քաղաքի շրջանը բազմիցս ենթարկվել է իսրայելական ավիացիայի հարվածներին:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները, որտեղ, բացի խաղաղ բնակիչներից, զոհվել են շիա շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: