ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը պարենային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նախարարին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով մասնավորապես պարենային անվտանգության վերաբերող հարցերի կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են գյուղմթերքների առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում գիտատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ գյուղնախարարը Հայաստան է ժամանելու անասունների համար պատվաստանյութերի վաճառքի նոր սխեմաները քննարկելու համար: