ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություն կստանա

Փաստաթղթեր
«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը նոր լիազորություն կստանա։ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Այսուհետ ԱՀԾ–ին կվերապահվի պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու և մի շարք այլ լիազորություններ։
Այս պահին նման լիազորությամբ օժտված է միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու և վերոշարադրյալ մյուս հարցերում հասնել ԱԱԾ–ի և ԱՀԾ–ի լիազորությունների հստակ տարանջատման և տարընկալումների բացառման»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները կքննարկվեն Ազգային ժողովում։
ՀՀ ԱԱԾ–ում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը