ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հինգերորդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը, ինչպես նաև տեսակապով՝ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Լինևիչը, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարար Բակիթ Տորոբաևը, Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Երմեկ Կենժեխանուլին։
«Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացմանն ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսության պետական աջակցության հեռանկարային ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների կանխատեսումների համակարգի բարելավմանը, ԵԱՏՄ-ում մինչև 2030 թ․ տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի դրույթների իրականացմանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի ճանաչման կարգի մասին համաձայնագրի համաձայնեցմանը։
Հավելենք, որ նիստին նախորդել է նախարարներ Գևորգ Պապոյանի և Օկսանա Լուտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։