Դուդուկի համար հոգի է պետք. ռուսական Առաջին ալիքը հյուրընկալել է Ջիվան Գասպարյան կրտսերին

Ջիվան Գասպարյան կրտսեր
Լեգենդար երաժշտի թոռը պատմել է պապի մասին և դուդուկ նվագել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը ռուսական Առաջին ալիքի եթերում ելույթ է ունեցել հայկական դուդուկին նվիրված «Պոդկաստ.Լաբ (Մարդաբանություն)» հաղորդաշարի շրջանակում։
Նա պատմել է, որ հրաժարվել է դեղագործ դառնալուց և գնացել է պապի հետքերով։ Այդ որոշումը կայացնելու գործում մեծ դեր է խաղացել պապի կատարումը «Գլադիատոր» ֆիլմի համար։ Հենց այդ ժամանակ է Ջիվան կրտսերն առաջին անգամ ձեռքը վերցրել դուդուկը և սկսել է սովորել պապի նվագած բոլոր ստեղծագործությունները։ Այսօր նա նվագում է հենց պապի դուդուկով։
«Նվագելիս կարևոր է ոչ թե ճիշտ փչելը, այլ հոգի դնելը»,- ասել է Ջիվան կրտսերը:
Նա վստահեցրել է, որ բոլորովին չի նեղսրտում, երբ իրեն համեմատում են պապի հետ, քանի որ ինքը ոչ թե ավանդական ուղղությունն է ընտրել, այլ ջազը։
Հիշեցնենք, որ ավագ Ջիվան Գասպարյանը համագործակցել է բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ, այդ թվում` այնպիսի համաշխարհային աստղերի, ինչպիսիք են Բրայան Ինոն, Բրայան Մեյը, Փիթեր Գեբրիելը, Լայոնել Ռիչին, Հանս Ցիմմերը, Ջերի Գոլդսմիթը, Գրեմ Ռևելը, Լարա Ֆաբիանը, Քրոնոս քառյակը և այլն։ Դուդուկի մեծ վարպետը հայկական մշակույթը տասնամյակներ շարունակ ներկայացրել է աշխարհին, համերգներ տվել աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր բեմերում՝ հավատարիմ մնալով հայկական մշակույթին։
Նա դուդուկը նորովի ներկայացրեց աշխարհին և երկար տարիների համառ ջանքերի շնորհիվ հաստատեց, որ այն հայկական ազգային երաժշտական ​​գործիք է։
Հայկական դուդուկի երաժշտությունը 2005 թվականին ճանաչվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց, իսկ 2008 թվականին ընդգրկվեց ցանկում։
Ջիվան Գասպարյանը 2001 թվականին արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի, 2002 թվականին՝ «Womex Award»–ի, 2006 թվականին՝ «Գրեմմիի»։