ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Աբխազիայում տեղի ունեցած բողոքի ցույցերը՝ հայտարարելով, որ այդպիսի սցենարները չեն նպաստում օտարերկրյա ներդրումների հոսքին: Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվան մտահոգված է իրավիճակի այդօրինակ զարգացմամբ և ակնկալում է, որ այն կլուծվի խաղաղ քաղաքական մեթոդներով՝ առանց միջամտությունների:
Սուխումում բողոքի ցույցեր են կազմակերպել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հակառակորդները։ Ցուցարարներն ավելի վաղ ներխուժել էին նախագահի աշխատակազմի և խորհրդարանի շենք՝ ջարդելով ապակիները։
«Ռուսաստանում մտահոգությամբ են հետևում իրադարձություններին մեր հարևան, բարեկամ Աբխազիայում, որտեղ կրկին սրվել են ներքաղաքական հակասությունները։ Ընդդիմադիր ուժերը, ցավոք, հնարավոր չհամարեցին երկրի օրինական իշխանության հետ տարաձայնությունները կարգավորել քաղաքակիրթ, հարգալից երկխոսության միջոցով և դուրս եկան իրավական դաշտի շրջանակներից՝ հրահրելով իրավիճակի սրացում», - նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Աբխազիայում ստեղծված ճգնաժամային իրավիճակն արգելակում է երկրի զարգացումը. նման սցենարները չեն նպաստում ներգրավելու արտասահմանյան ներդրումներ, որոնք ծանրակշիռ գործոն են հանրապետության սոցիալ-տնտեսական վերելքի համար:
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը ենթադրում է ռուսական ընկերությունների կողմից Աբխազիայի տարածքում ներդրումային նախագծերի իրականացում: Խորհրդարանի միջազգային կապերի կոմիտեի ղեկավար Ալխաս Բարցիցի խոսքով՝ հանրապետությունն ի վիճակի չէ տնտեսության առանցքային հատվածների վերականգնման համար ինքնուրույն գտնել միջոցներ: