Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություններ պատրաստվում կողք կողքի ապրել։
Փաշինյանի խոսքով, այդ մասին ինքը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հիշեցրել է, որ Փաշինյանը Բաքվին առաջարկել էր սպառազինությունների փոխադարձ վերահսկողություն սահմանել, հետո հանդես էր եկել սահմանին միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարով, բացի այդ, առաջարկել էր զորքերի փոխադարձ հետքաշում իրականացնել, սակայն այս բոլոր առաջարկները Ադրբեջանը մինչ օրս անպատասխան է թողել։