Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

ՀՀ քննչական կոմիտե
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են ավելի քան երկու տասնյակ անձինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
«Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ»,–հայտնում է ՔԿ–ն։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են երկու տասնյակից ավելի փորձաքննություններ՝ ներառյալ դիակի դատաբժշկական։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին: Քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության hատկապես կարևոր գործերի քննության վարչություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ըստ ԶԼՄ–ների` զինծառայողի դին կախված վիճակում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում։