Տեսականորեն ամեն ինչ հնարավոր եմ համարում. Դիլանյանը` սահմանադրական փոփոխությունների մասին

Արման Դիլանյան
Սահմանադրական դատարանի նախագահը մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջեւ հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի մասին հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեսականորեն հնարավոր է համարում խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո սահմանադրական փոփոխությունները։ Նա այդ մասին ասաց` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի հայտարարել էր, որ եթե ՀՀ ՍԴ-ն որոշի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն։
«Պայմանագրի ստորագրումից հետո կամ դրա հետ կապված կամ դրա հետ չկապված սահմանադրական որևէ փոփոխություն, մեծ հաշվով, քաղաքական գործընթաց է։ Ես ամեն ինչ եմ հնարավոր համարում, տեսականորեն ամեն ինչ եմ հնարավոր համարում»,– ընդգծեց Դիլանյանը։
Ինչ վերաբերում է հարցին` Սահմանադրության փոփոխություններին կո՞ղմ է, թե՞ դեմ, նա նշեց, որ ՍԴ դատավորներին այս հարցն այնքան էլ տեղին չէ տալ, քանի որ գործող Սահմանադրությունը դատավորների համար իդեալական փաստաթուղթ է։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող կետը։
Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նշեց, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Բաքուն հայտարարել է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՀՀ–ից է կախված