ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Թերթի նախկին գլխավոր խմբագրի հերթական աղմկահարույց վերնագիր.այսպես բնութագրեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելու առաջարկը:
Երեկ ԱԺ–ում ՀՀվարչապետը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ոչ միայն խաղաղության և այլ պայմանագրերի, այլև ռազմավարական գործարքի կարիք ունեն: Թե ինչ բանաձևերով են կողմերը պատրաստվում առաջիկա 100 տարում ապրել կողք -կողքի՝ որպես անկախ պետություններ, վարչապետի խոսքով, այդ մասին նա Կազանում ասել է Ադրբեջանի նախագահին։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Հակոբյանը նշեց, որ ՀՀ վարչապետն առաջին հերթին լրագրող է, և նրա համար ամենագլխավորը հնչեղ վերնագիրն է։ Եվ չնայած նրա դեպքում վերնագրերը միշտ չէ, որ համընկնում էին կամ համընկնում են տեքստի բովանդակության հետ, նրա համար գլխավորը հոդվածն իրացնելն է, թերթ վաճառելը:
«Առհասարակ, Փաշինյանը եթերը կամ սոցիալական ցանցերը լցնելու համար բավականին հաճախ դիմում է տարբեր էկզոտիկ քայլերի։ Երբ իր հիմնական օրակարգը չի ստացվում, տվյալ պարագայում արդեն 4 տարի է՝ իր օրակարգը, այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելը, չի ստացվում, ինքը միշտ դիմում է նման քայլերի», - ասաց Հակոբյանը։
Փորձագետըհիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետը Բաքվին առաջարկել էր սպառազինությունների փոխադարձ վերահսկողություն սահմանել, հետո հանդես եկել սահմանին միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարով: Մինչ այդ առաջարկել էր զորքերի փոխադարձ հետքաշում իրականացնել։ Բայց այս ամենն անպատասխան մնացին։ Իսկ վերջերս, ինչպես հայտնի է, Փաշինյանը կոչ արեց Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասը, իսկ մնացած 2-3 չհամաձայնեցված կետերը թողնել հետագա քննարկման և համաձայնեցման: Այս գաղափարը, մեղմ ասած, ոչ միանշանակ ընդունվեց։
Դրա հետ մեկտեղ հետաքրքիր է ոչ թե կոնկրետ ինչ է առաջարկել վարչապետը Կազանում իր ադրբեջանցի գործընկերոջը, այլ այն, թե նրան ինչ է պատասխանել Ալիևը։
«Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչ է պատասխանել Ալիևը Փաշինյանի՝ ռազմավարական համաձայնագիր կնքելու գաղափարին, բայց նա շարունակում է մեղադրել Հայաստանին ռազմականացման և ռևանշիստական տրամադրությունների մեջ, չի հերքում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նախագծի գոյությունը, շարունակում է պահել հայ գերիներին։ Հնարավոր է՝ Ալիևն ի պատասխան առաջարկել է Փաշինյանին ճանաչել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանը», իսկ դրանից հետո մի քանի տարի հանգիստ թողնել», - ասաց մեր զրուցակիցը։
Հակոբյանը նշեց` տարօրինակ է հնչում նաև վարչապետի՝ առաջիկա 100 տարվա խաղաղ գոյակցության ձևակերպումը։ Անհասկանալի է, թե ինչպես կարելի է ընդհանրապես ինչ-որ բան պլանավորել մի քանի դարի համար, եթե ներկայիս անկայուն, արագ փոփոխվող աշխարհում նույնիսկ 5 կամ 10 տարվա կանխատեսումներ անելը չափազանց խնդրահարույց է։ Փորձագետի կարծիքով` այս առաջարկն այնքան անլուրջ է, որ հաջողությամբ կարող է մրցակցել և նույնիսկ գերազանցել կիսատ խաղաղության պայմանագրի ստորագրման գաղափարին։ Եվ քաղտեխնոլոգի համար զարմանալի չէ, որ հայտարարությունը հնչելուց մեկ օր անց էլ Բաքվից դեռ չեն արձագանքել։