ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՌԴ քննչական կոմիտեն հեռակա մեղադրանքներ է ներկայացրել Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Իվան Բականովին և Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկին Դոնբասի տարածքում իրագործված հանցագործությունների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։
«Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքում խաղաղության և մարդկանց անվտանգության դեմ ուղղված հրետակոծություններ և այլ հանցագործություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Իվան Բականովին, որը 2019 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր կատարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահի պարտականությունները, այնուհետև զբաղեցրել է այդ պաշտոնը։ Բացի այդ, քրեական պատասխանատվության է ենթարկվել Ալեքսանդր Դանիլյուկը, որը 2019 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր եղել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը», – ասել են գերատեսչությունից։
ՌԴ քննչական կոմիտեն հավելել է, որ գործով անցնողների հանցավոր գործողությունների պատճառով Դոնբասի բնակավայրերի բազմաթիվ գնդակոծություններ են իրականացվել, ինչի հետևանքով վիրավորվել և մահացել է 57 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, ինչպես նաև ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքային ավելի քան 140 օբյեկտներ:
«Միջոցառումներ են ձեռնարկվում մեղադրյալներին հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում։
Քրեական գործերի քննության շրջանակում որպես մեղադրյալ են ներգրավվել 800 օտարերկրյա վարձկաններ։