ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ցանկացած բանաձև և նախաձեռնություն, որը կմիջամտի Իրանի միջուկային ծրագրին, կարժանանա Թեհրանի պատասխանին։ Այս հայտարարությունն արել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ ասուլիսի ժամանակ։
«Մենք թույլ չենք տա նրանց (եվրոպական եռյակին. խմբ.) ճնշում գործադրել մեզ վրա։ Թող հասկանան, որ մենք նրանց ընդհանրապես չենք ենթարկվում։ Մեր միջուկային ծրագիրը շարունակելու է զարգանալ՝ համաձայն Իրանի ազգային շահերի։ Իրանն իրեն հակաքայլերի իրավունք է վերապահում», - ասել է Էսլամին։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: