ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Թունավոր ծխի թանձր շերտը ծածկել է Հնդկաստանը՝ թաքցնելով այնպիսի խորհրդանշական տեսարժան վայրեր, ինչպիսիք են Ագրայում գտնվող Թաջ Մահալ դամբարանը և Ամրիցարում գտնվող Հարմանդիր Սահիբը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ծուխն այնքան խիտ է, որ Թաջ Մահալը գրեթե չի երևում հարակից այգիներից: Տեղական ԶԼՄ-ներում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է թանձր ծուխը պարուրում Ամրիցարի Ոսկե տաճարը:
Նշվում է նաև, որ Նյու Դելիի միջազգային օդանավակայանում տեսանելիությունը նվազել է՝ հասնելով ընդամենը 300 մետրի, ինչը հանգեցրել է մեկնումների 88%-ի և ժամանումների 54%-ի ուշացման:
Իշխանությունների կարծիքով՝ իրավիճակի պատճառ են դարձել օդի աղտոտվածության բարձր մակարդակը, բարձր խոնավությունը, թույլ քամին և ջերմաստիճանի նվազումը: Տեղի բնակիչները բողոքում են առողջության վատթարացումից, հատկապես աճել են ալերգիաներով, հազով, մրսածությամբ և ասթմայով տառապող անչափահասների հիվանդացության դեպքերը:
Նյու Դելիում օդի որակի ինդեքսը (AQI) երկրորդ օրն անընդմեջ մնում է կրիտիկական 430-ի մակարդակում, որը դասակարգվում է որպես լուրջ սպառնալիք: Կանխատեսվում է, որ աղտոտվածության նման մակարդակը կպահպանվի մինչև ուրբաթ, որից հետո սպասվում է նվազում մինչև 300-400-ի: