ՀՀ քաղաքացիները կկարողանան Ղազախստան մեկնել ID քարտերով. համաձայնագիրն ուղարկվել է ԱԺ

Նման համաձայնագրի նախագիծը քննարկվում էր դեռևս 2019 թվականին, սակայն վերջնականապես ձևակերպվեց այս տարի՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան նույնականացման քարտերով այցելել Ղազախստան։ Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների ուղևորությունների և կեցության կարգի մասին համաձայնագրի նախագծում, որն այսօր ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
2024 թվականի ապրիլի 15-ին ստորագրված համաձայնագիրը կփոխարինի նախորդին, որը գործում էր 2006 թվականից:
ՀՀ անձնագրերով կզբաղվեն արտասահմանյան ընկերությունները. ե՞րբ կլուծվեն խնդիրները
Այսուհետ ՀՀ քաղաքացիները Ղազախստան, իսկ Ղազախստանի քաղաքացիները՝ Հայաստան կկարողանան մեկնել ոչ միայն անձնագրերով, այլ նաև ID քարտերով, ինչը թույլ կտա առանց պարտադիր գրանցման մինչև 90 օր գտնվել ընդունող երկրի տարածքում:
Տվյալ կարգի ներդրման շուրջ բանակցությունները սկսվել էին դեռևս 2019 թվականին, իսկ վերջնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ 2024 թվականի ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիների համար նույնականացման քարտերով մուտքի ռեժիմ արդեն գործում է Վրաստանում։
ՀՀ–ի և Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրն ուժի մեջ է մտել
Ավելի վաղ Հայաստանի սփյուռքի նախարարությունը (ներկայում գործում է որպես վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ, – խմբ.) հայտնել էր, որ Ղազախստանում, պաշտոնական տվյալներով, բնակվում է շուրջ 25 հազար, իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ մինչև 60 հազար հայ: