Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
ՀՀ իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ կազմակերպության հետ Հայաստանի հարաբերությունները սառեցված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դեսպանների ու լիազոր ներկայացուցիչների հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Հանդիպումը կայացել է նոյեմբերի 13-ին Մոսկվայում։ Միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Քննարկվել են կազմակերպության շրջանակում բազմակողմ փոխգործակցության զարգացման առանցքային հարցերը՝ շեշտը դնելով նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման վրա։ Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքել էր Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։