ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է շփվել ԱՄՆ նոր վարչակազմի հետ, գնդակը նրանց դաշտում է։ Այս մասին Մարինա Քիմի հետ «Նոր աշխարհ» նախագծի համար տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի և ԱՄՆ նոր վարչակազմի միջև կապերի վերականգնման հնարավորության մասին հարցին։
«Նախագահ Պուտինը «Վալդայի» ժամանակ ասաց, որ միշտ պատրաստ է շփման, մենք չենք այն ընդհատել, գնդակը նրանց դաշտում է»,- ասել է Լավրովը։
Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահ դառնալու հետ կապված ակնկալիքներ ունենալու մասին հարցին ՌԴ ԱԳ նախարարը ասել է, որ պետք է դատել կոնկրետ գործերով։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունն ընտրություններում ներկայացնում էր փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակային ելույթում արդեն ընդունել է ընտրություններում իր պարտությունը։
Թրամփն ավելի քան 120 տարվա ընթացքում առաջին նախագահն է, որը չի կարողացել վերընտրվել երկրորդ ժամկետի համար, սակայն կրկին մասնակցել է ընտրություններին և հաղթանակ տարել։
Ընտրողների կոլեգիայի ֆորմալ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, արդյունքների հաստատումը՝ հունվարի 6-ին, իսկ երդմնակալությունը՝ հունվարի 20-ին։