ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավար Թուլսի Գաբարդը, որի թեկնածությունն առաջարկել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, նախկինում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնք հակասում են ներկայիս վարչակազմի պաշտոնական գծին: Այսպիսով, 2022 թվականին Դեմոկրատական կուսակցությունը լքած Գաբարդը ժամանակին նշել էր, որ կուսակցության անդամներին վերահսկում է պատերազմ հրահրողների էլիտար խառնակչախումբը, որը պաշտպանում է հանցագործներին և ներքաշում միջուկային պատերազմի մեջ։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ուկրաինական հակամարտությունում հետաքրքրում է ոչ թե այդ երկրի ժողովուրդը, ժողովրդավարությունն ու ազատությունը, այլ Ռուսաստանում «ռեժիմի փոփոխությունը»։ «Հյուսիսային հոսքերը» տապալելու մեջ նա մեղադրում էր ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին: Գաբարդի կարծիքով` հենց Բայդենի քաղաքականությունն էր, որ աշխարհը հասցրեց միջուկային պատերազմի շեմին, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման, Ռուսաստանի, որն աշխարհում ամենամեծ միջուկային ներուժն ունեցող երկիրն է։
2022 թվականին Գաբարդին ներառել են ուկրաինական «Խաղաղարարների» տվյալների բազայում՝ իբր կեղծ տեղեկություններ տարածելու համար, նա նաև ռուսամետ քարոզչությանը նպաստած քաղաքական գործիչների ուկրաինական ցանկում է։ Թուլսի Գաբարդը «ցնցող» է անվանել ամերիկյան իշխանությունների կողմից ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայության հերքումը։
Հարկ է նշել նաև, որ Գաբարդը բավական սերտ հարաբերություններ է պահպանում ԱՄՆ հայկական կառույցների հետ։ 2017 թվականին նա այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում։ Նա ծագումով Հավայան կղզիներից է, այս նահանգը 2016 թվականին ճանաչել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։