ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովն ու Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Յան Սաունդերսը պայմանավորվել են ԵՏՀ-ի և ՀՄԿ-ի միջև փոխգործակցություն կազմակերպել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների ամենօրյա գործունեության մեջ լավագույն վարչարարության փորձը ներդնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Ռիո դե Ժանեյրոյում ՀՄԿ-ի WCO Technology Conference & Exhibition-ի շրջանակներում:
«Կողմերը քննարկել են փոխգործակցության հեռանկարային ոլորտները, այդ թվում՝ ԵՏՀ-ի և ՀՄԿ-ի միջև փոխըմբռնման Հուշագրի գործնական իրականացման հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
WCO Technology Conference & Exhibition-ն անցկացվում է ամեն տարի Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից և միավորում է մաքսային ոլորտում ներգրավված ազգային մաքսային վարչությունների, միջազգային կազմակերպությունների և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին: Այս տարի համաժողովին մասնակցել է 117 երկրի գրեթե 1300 պատվիրակ։
Համաշխարհային մաքսային կազմակերպությունը (ՀՄԿ) միջազգային ոչ կառավարական, մշտական գործող կազմակերպություն է մաքսային և սակագնային քաղաքականության կարգավորման ոլորտում։ Կազմակերպության անդամ է 186 երկիր, որոնց բաժին է ընկնում համաշխարհային առևտրի 98%-ը։