ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԵԽ նախագահ Շառլ Միշելի գործունեությունը վնասում է ԵՄ հեղինակությանը։ Այս մասին ասվում է բաց նամակում, որը հղել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակը Միշելին։
Հայ դատի գրասենյակին վրդովվեցրել են Միշելի կողմից Իլհամ Ալիևին COP–29–ի ղեկավարման առիթով ուղղված շնորհավորանքները։
«Ոչ միայն Ձեր միջնորդությունը ձախողվեց, այլ նաև դրա հետևանքով Ձեր գործունեությունը շարունակում է վնասել ԵՄ հեղինակությանը»,–ասվում է բաց նամակում։
Եվրոպայի Հայ դատի գրասենյակն իր հիասթափությունն է հայտնել և Եվրոպական խորհրդի նախագահին հիշեցրել հոկտեմբերի 24-ին ԵԽ լիագումար նիստում ընդունված բանաձևը, որի «Q» կետում ընդգծվում է, որ Ադրբեջանը դատապարտվում է մարդու և միջազգային իրավունքների խախտումների համար։
«Բանաձևի վերոնշյալ կետում նաև նշվում է, որ Ադրբեջանի հարձակումը ԼՂ–ի վրա նաև 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում է ու ԵՄ միջնորդությամբ ստանձնած բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունների չկատարում»,–նշում է Հայ դատի գրասենյակը։
Նամակում նաև նշվում է` Միշելը մի քանի անգամ հրապարակավ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները ԵՄ–ի համար սկզբունքային հարց են, սակայն Ադրբեջանն այդուհանդերձ Լեռնային Ղարաբաղում իրականացրեց էթնիկ զտումների դասագրքային օրինակ։