Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանքից ազատվելիս
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանքից ազատվելիս. Արխիվային լուսանկար
Փաստաբանները կարծում են, որ նախկին նախարարի կալանավորումը իրավաչափ չի եղել, և դատարանն իր որոշումներում դրան չի անդրադարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանը:
Նա նշել է, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով իր և պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները։
«Ի թիվս այլնի, ներկայացրած վճռաբեկ բողոքում բարձրացրել ենք ՔԴՕ 483֊րդ հոդվածի 7֊րդ մասի միատեսակ կիրառության և ձերբակալման իրավաչափության մասին Վճռաբեկ դատարանի 2024թ. կայացրած որոշումների մինչ այդ իրականացված ձերբակալման իրավաչափության վրա չանդրադառնալու վերաբերյալ հարցերը»,- գրել է նա։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց 2023 թվականի դեկտեմբերին, իսկ Դավիթ Տոնոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց` օգոստոսի 15–ին։
«Հայտարարում եմ` հրթիռները պիտանի են». Տոնոյանը հույս ունի, որ նոր փորձաքննություն կլինի