Այս տարի ՀՀ–ում շմոլ գազից 498 մարդ է տուժել. ի՞նչ է հորդորում ՆԳՆ ՓԾ–ն

Գազօջախ
Վերջին 3 տարում շմոլ գազի թունավորումից 10 մարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Այս տարի Հայաստանում շմոլ գազից թունավորման 216 դեպք է գրանցվել, ինչը նախորդ տարվա համեմատ 70-ով քիչ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը (ՓԾ)` ներկայացնելով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում (ՃԿԱԿ) գրանցված վիճակագրությունը։
«2022 թվականին 294 դեպք է գրանցվել, տուժել է 633 անձ, մահացել` 7–ը։ 2023 թվականին այդ թիվը մի փոքր նվազել է` արձանագրվել է 286 դեպք, ինչի հետևանքով տուժել է 643 անձ, մահացել է 1 մարդ։ Ընթացիկ տարում էլ 216 դեպք է գրանցվել, տուժել է 498 մարդ, մահացել` 2-ը»,– տեղեկացնում են ՓԾ–ից։
Նշվում է, որ շմոլ գազից թունավորման պատճառը ածխածնի մոնօքսիդն է, այդ ժամանակ խաթարվում է արյան շրջանառությունը, կենտրոնակայան նյարդային համակարգի, գլխուղեղի, թոքերի և այլ օրգանների աշխատանքը։ Ախտանշանները` գլխացավ, թուլություն, հոգնածություն, սրտխառնոց, արագաշնչություն և այլն։ Կարող է նաև լինել ուշագնացություն։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխերի բաժնի օպերատիվ հերթափոխի պետ Հրանտ Ճաղարյանը զգուշացնում է` շմոլ գազն անհոտ է և անգույն, ախտանշանները զգալիս անմիջապես պետք է օդափոխել սենյակը, անջատել գազօջախներն ու տաքացնող սարքերը, դիմել հիվանդանոց։
«Ամենակարևոր պայմաններից է նաև այն, որ ոչ մի դեպքում չի կարելի անջատել տանը գտնվող գազի անվտանգության ազդանշանային համակարգը»,– նշեց Ճաղարյանը։
Նա հորդորում է տներում օգտագործել բացառապես գործարանային արտադրության վառարաններ ու պահպանել անվտանգության կանոնները։