Թուրքիային ԲՐԻԿՍ–ում գործընկերոջ կարգավիճակ են առաջարկել. նախարար

Կազմակերպությանը միանալը Թուրքիային զգալի օգուտներ կբերի, այդ թվում՝ համաշխարհային առանցքային հարթակների հետ համագործակցելու հնարավորություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան ԲՐԻՐԿՍ-ի գործընկեր երկիր դառնալու առաջարկ է ստացել։ Այս մասին Tvnet-ին տված հարցազրույցում հայտնել է առևտրի նախարար Օմեր Բոլաթը, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքիային ԲՐԻԿՍ-ում գործընկերոջ կարգավիճակ է առաջարկվել։ Սա անցումային փուլ է»,- հայտարարել է Բոլաթը՝ նշելով, որ ասոցիացիային միանալը Թուրքիային կբերի զգալի օգուտներ, այդ թվում՝ համաշխարհային առանցքային հարթակների հետ համագործակցելու հնարավորություն։
Նոյեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատեց, որ Մոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ-ին միանալու Թուրքիայի ցանկությանը, սակայն Անկարայի մասնակցության ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով բոլոր անդամ երկրների կոնսենսուսը։ Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Գլոբալ հարավի երկրների հետ ԲՐԻԿՍ–ի կապերի զարգացման օգտին, հատկապես նրանց հետ, ովքեր հավատարիմ են բազմակողմանիության սկզբունքներին, ինքնիշխան քաղաքականությանը և չեն աջակցում միակողմանի պատժամիջոցներին:
Լավրով. ԲՐԻԿՍ-ը դոլարից անկախ հուսալի վճարային համակարգ է մշակում
Հիշեցնենք` հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում կայացավ ԲՐԻԿՍ գագաթնաժողովը, որին մասնակցեցին անդամ երկրների ղեկավարները։ ԲՐԻԿՍ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, իսկ 2011 թվականին նրան միացել է Հարավային Աֆրիկան: 2024 թվականից նախագահությունը ԲՐԻԿՍ–ում անցավ Ռուսաստանին։ Տարեսկզբին դաշինքին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։ Ռուսաստանի նախագահության հիմնական թեման բազմակողմ համագործակցության ամրապնդումն է՝ հանուն արդար համաշխարհային զարգացման և անվտանգության։