ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում նոյեմբերի 15-ից ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն սիգի որսի արգելքը վերահսկելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս կբերվեն լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ, կարգելվեն բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։
«Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն կսահմանվի, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետերի կտեղակայվեն։ «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն կսահմանվի։ Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ սիգի որսը արգելքը պայմանավորված է ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով։