ՀՀ որևէ պաշտոնյա COP 29–ին մասնակցելու հայտ չի ներկայացրել. Միրզոյան

Հ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
COP–29 գագաթնաժողովը անցկացվում է Բաքվում նոյեմբերի 11–24–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակությունից ինչ-որ կազմակերպություններ միգուցե նման բան արած լինեն, թեև այդ մասին էլ ինձ որևէ տեղեկություն հայտնի չէ։ Եթե դա նկատի ունեն, ապա ՀՀ–ն ազատ, ժողովրդավար երկիր է, և ՀՀ կառավարությունը ոչ ցանկություն ունի, ոչ էլ լծակներ` ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Հայաստանը գրանցվել է Բաքվում COP-29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն հայկական պատվիրակությունը ներկայացված չէ միջոցառմանը։
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը անցկացվում էԲաքվում նոյեմբերի 11–24–ը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը որպես բարի կամքի քայլ իր աջակցությունը հայտնեց այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունը հայտնեց Արևելյան Եվրոպայի խմբի COP-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Բաքու մեկնելու և COP–29–ին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հաստատել էր, որ Հայաստանը ստացել է COP-29–ի մասնակցության հրավեր։