Հանցագործությունների աճը ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է. Երևանի նախկին դատախազ

ՀՀ ոստիկանները ԱԺ–ի մոտ. Արխիվային լուսանկար
Վերջին մի քանի օրերին ՀՀ–ում արձանագրվել են արյունալի սպանությունների մի քանի դեպքեր, որոնցից 2 –ով զոհերը անչափահասներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Առանձնապես ծանր հանցագործությունների քանակի աճը ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Ոստիկանությունը որքան էլ բարձրաձայնի բարեփոխումների մասին, որքան էլ հասարակությանը փորձի իրազեկել աշխատանքների արդյունավետության մասին, ակնհայտ է, որ ոստիկանությունն այսօր ունի կադրային լուրջ խնդիր, և հատկապես օպերատիվ ծառայության մասով աշխատանքները խիստ կաղում են»,– ասաց Ասլանյանը։
Նրա դիտարկմամբ` ոստիկանությունն այսօր ներգրավված է նաև քաղաքական գործընթացներում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում։
Նկատենք` միայն վերջին մի քանի օրերին ոստիկանության ու քննչական կոմիտեի հաղորդագրություններից հանրությունը տեղեկացավ ՀՀ–ում արձանագրված արյունալի սպանությունների մի քանի դեպքերի մասին, որոնցից 2 դեպքերով զոհերը անչափահասներ էին։ Մի դեպքում 15-ամյա պատանին սպանվել էր հրազենից` դասընկերոջ հետ ունեցած վիճաբանության պատճառով, վերջինիս հոր ձեռամբ։ Մեկ այլ դեպքում 17-ամյա տղային դաժանաբար սպանել էին գերեզմանոցի տարածքում` sms ուղարկելու պատճառով։ Իսկ երրորդ դեպքում էլ Երևանում հասուն տարիքի տղամարդկանց վեճն էր ավարտվել սպանությամբ, որը կատարել էր մահակով։
Խոսելով հիշյալ դաժան սպանությունների մասին` Րաֆֆի Ասլանյանն արձանագրում է, որ ոստիկանության գործառույթը ոչ միայն կատարված հանցագործությունների քննությունն է, այլև դրանց կանխումն ու նախականխումը։
«Պատահական չէ, որ ես խոսեցի պրոֆեսիոնալիզմի բացակայությունից։ Ոստիկանությունում այս պահին չկա արհեստավարժ մոտեցում։ Նոր սերունդն այս ամենին չի տիրապետում, հին սերնդից էլ, կարելի է ասել` մարդ չի մնացել»,– ասաց Ասլանյանը։
Որպես օրինակ նախկին դատախազը հիշեցնում է պարեկային ծառայության ստեղծումը, որին բացի ճանապարհային ոստիկանության գործառույթներից վերապահվեցին նաև ոստիկանության օպերատիվ ծառայության ֆունկցիաներ։ Մինչդեռ, Ասլանյանի գնահատմամբ, պարեկային ծառայությունն իր կադրային ներուժով ի վիճակի չէ կանխել վերը հիշատակված և բազմաթիվ այլ հանցագործություններ։
«Պարեկների համար այնպիսի ցածր նշաձող են սահմանել, օրինակ` միջնակարգ կրթությամբ բավարարվելը, որ ակնհայտ է` պարեկային ծառայությունն ի վիճակի չէ թե՛ օպերատիվ ծառայության գործառույթներն իրականացնել, հանցագործություններ կանխել, թե՛ նաև ճանապարհային երթևեկությունը պատշաճ հետևել, ինչի մասին վկայում են վթարների թիվն ու դրանց ծանր հետևանքները` մահվան ելքերը»,– նշում է մեր զրուցակիցը։
Ազգային ժողովում հոկտեմբերին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ, խոսելով հանցավորության վիճակի, ոստիկանության բարեփոխումների արդյունքների մասին, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ասել էր, որ վերջին 5 տարիներին սպանության դեպքերը աճել են 12.1 տոկոսով, սպանության փորձերը` 18.4, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը` 15.6 տոկոսով։