ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը (փաստացի նոր կայանը. խմբ) կառուցող պետական ձեռնարկությունը կսկսի անձնակազմ հավաքագրել 2025 թվականին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։
«Ընկերությունը ստեղծվել է կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսին, և դրա շուրջ կազմակերպչական որոշ գործընթացներ արդեն ընթանում են և՛ նախարարության, և՛ ատոմակայանի, և՛ այլ կազմակերպությունների մասնակցությամբ։ Մնում է ներգրավել անհրաժեշտ մակարդակի մասնագետների, ինչի համար ոչ միայն գումար է պետք, այլև ժամանակ (առավել ևս, որ կադրերը պետք է ընտրվեն ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներով. խմբ»,– նշեց Սանոսյանը։
Նախարարը հիշեցրել է, որ ընկերության կարիքների համար 2025 թվականին կհատկացվի 800 մլն դրամ (ավելի քան 2 մլն դոլար)։
Նախատեսվում է հավաքագրել ֆիզիկայի, էներգետիկայի, բնապահպանության և այլ ոլորտների 50-60 մասնագետներ, իսկ նրանք նոր էներգաբլոկի նախագծի վերաբերյալ լիարժեք առաջարկներ կարող են ներկայացնել կառավարությանը 1,5-2 տարի հետո՝ առաջարկվող բոլոր տեխնոլոգիաները ուսումնասիրելուց հետո:
Նշենք, որ նախագծի հիմնավորումը կազմելուց հետո ընկերությունն ինքը պետք է բանակցի միջազգային գործընկերների հետ շինարարության ֆինանսավորման շուրջ, իսկ դրա ավարտից հետո շահագործի պատրաստի կայանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ այն երկարացվել է մինչև 2026 թվականը: Աշխատանքների հիմնական մասն իրականացվել է 189 մլն դոլարի հասնող ռուսական վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին, մյուս մասը՝ 63,2 մլրդ դրամի չափով (162,8 մլն դոլար) իրականացվել է ՀՀ պետբյուջեի հաշվին: Վերջին գնահատականով՝ ԱԷԿ-ը կարող է աշխատել առնվազն մինչև 2036 թվականը, բայց կառավարությունը ապահովագրվելու նպատակով ցանկանում է նոր կայան կառուցել այդ ժամկետից ոչ ուշ։