Երթուղիների ապաշրջափակմանը մոտ էինք, բայց Երևանը կասեցրեց իր մասնակցությունը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ եռակողմ ձևաչափով հաջողվել է բազմաթիվ հարցերում հասնել իրական, լուրջ արդյունքների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 2023 թվականի հունիսին մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնմանը, սակայն Արևմուտքի ճնշման ներքո Երևանը կասեցրեց աշխատանքային խմբերում և եռակողմ բոլոր ձևաչափերում իր մասնակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ 2020թ–ի նոյեմբերի 9–ի պայմանավորվածությունների նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել. Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ աշխատանք են կատարել՝ հասնելու համաձայնությունների, որոնք թույլ տվեցին դադարեցնել արյունահեղությունը:
ՌԴ-ն հետագայում էլ է պատրաստ ապաշրջափակման հարցում աջակցել Բաքվին և Երևանին. Զախարովա
Ի հաստատումն իր խոսքերի՝ Զախարովան հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովում տրվեց խաղաղ գործընթացի մեկնարկը, և դրա շրջանակներում ձևավորվեց եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ:
Բացի այդ, Զախարովան նշել է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա կառուցվեց եռակողմ պայմանավորվածությունների մի ամբողջ համակարգ, որը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են խաղաղության պայմանագրի մշակումը, տրանսպորտային շրջափակումների վերացումը, սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան, ինչպես նաև երկրների քաղաքացիական համայնքների միջև շփումների զարգացումը:
«Այդ հիմքի շնորհիվ մեզ հաջողվեց բազմաթիվ հարցերի շուրջ հասնել իրական, նշանակալի արդյունքների», – նշել է Զախարովան:
Նրա խոսքով, սակայն, ԱՄՆ-ն և ԵՄ-ն, հանդես գալով միջնորդների դերում, ոչ մի նոր բան չառաջարկեցին՝ միայն վերարտադրելով ռուսական նախաձեռնությունները, ընդ որում` խեղաթյուրելով դրանց էությունը։ Զախարովան հավելել է, որ իրականում Արևմուտքը ձգտում է վերահսկել խաղաղ գործընթացը՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու ու այնտեղից Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային դուրս մղելու համար:
«Նրանց համար Հարավային Կովկասի ժողովուրդների ճակատագիրը նշանակություն չունի, իրենք ղեկավարվում են միայն սեփական հավակնություններով։ Եվ, ի տարբերություն Արևմուտքի, մենք անկեղծորեն շահագրգռված ենք Հարավային Կովկասի անվտանգությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ։ Այս տարածաշրջանը մեր պատմական, տնտեսական և հումանիտար շահերի գոտին է։ Մենք պատրաստ ենք նպաստել դրա զարգացմանը, քանի որ այն հիմք է կայունության և անվտանգության համար», - ընդգծել է Զախարովան։
Եզրափակելով խոսքը՝ նա վստահեցրել է, որ Ռուսաստանը շարունակելու է համակողմանի աջակցություն ցուցաբերել իր հայ և ադրբեջանցի գործընկերներին՝ բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի հիման վրա տարածաշրջանում կայուն խաղաղության և բարեկեցության հաստատման հարցում։
Հայաստանն անընդունելի է համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։