ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երեխաների շրջանում քաղցրավենիքի օգտագործմամբ Հայաստանը 51 երկրների շարքում գտնվում է առաջին հորիզոնականում, ինչը շատ մտահոգիչ է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան։
«15 տարեկան աղջիկների 64%–ը և տղաների 56%–ը ամեն օր, օրը մի քանի անգամ օգտագործում է քաղցրավենիք։ Դա բավական բարձր թիվ է»,–ասաց նա։
Նրա խոսքով` նույն պատկերն է նաև 11–ից 13 տարեկանների շրջանում, ուղղակի ամենաբարձ ցուցանիշը 15 տարեկանների շրջանում է։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ տղաներն ավելի շատ են գազավորված քաղցր ըմպելիքներ խմում, քան աղջիկները։
«15 տարեկան տղաների 32%–ը և աղջիկների 22%–ը ամեն օր օգտագործում են քաղցր գազավորված ըմպելիքներ»,–ասաց նա։
Ինչպես գազավորված ըմպելիքները, այնպես էլ քաղցրավենիքները հարուստ են ավելացված շաքարով, որը հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ավելորդ քաշը և ճարպակալումը։ Ի դեպ Հայաստանը մանկական տարիքում ճարպակալման և ավելորդ քաշի առկայության տեմպերով հետ չի մնում եվրոպական երկրներից։
Նրա խոսքով` անցկացված հետազոտությունները փաստում են, որ 7-8 տարեկան երեխաների շրջանում ավելորդ քաշ ունեն տղաների 30%–ը, իսկ աղջիկների 25 %–ը, ինչը շատ անհանգստացնող է։
Այս հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաև ծնողները, քանի որ հարցվածների ընդամենը 10%–ն է գիտակցում, որ իր երեխան ունի ավելորդ քաշ։ Ծնողների պատկերացմամբ, եթե երեխան ունի ավելորդ քաշ, ուրեմն իրենք երեխային լավ են պահում։ Մինչդեռ ավելորդ քաշն ու ճարպակալումը հանգեցնում են շաքարային դիաբետի, հիպերտենզիայի, սրտանոթային խնդիրների, ինչպես նաև հոգեբանական խնդիրների։
Նշենք, որ յուրաքանչյուր 4 տարին մեկ «Արաբկիր» ԲԿ–ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԿԳՄՍՆ–ի հետ համատեղ իրականացնում է հետազոտություն «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի» թեմայով։ Նույն հետազոտությունը կատարվում է 51 երկրներում։