Արգելվել է «Ռագմակ» ՍՊԸ-ի` օգոստոսի 19-ին արտադրած տոմատի մածուկի վաճառքը. ՍԱՏՄ

Տոմատի մածուկ
Տնտեսվարողը պարտավոր է խոտանված խմբաքանակը հավաքել վաճառքից, այլապես կենթարկվի պատասխանատվության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարգադրությամբ արգելվել է «Ռագմակ» ՍՊԸ-ի` հատկապես օգոստոսի 19-ին արտադրած տոմատի մածուկի խմբաքանակի իրացումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության ու հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը` պարզաբանելով տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունը։
ՍԱՏՄ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանում, և պարզվել է, որ ընկերության արտադրած տոմատի մածուկը չի համապատասխանել սահմանված պահանջներին։ Մածուկից վերցրած նմուշում հայտնաբերվել են սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ, մեզոֆիլային կլոստրիդիաներ և սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ` կաթնաթթվային բորբոսասնկեր, խմորասնկեր։
«Տրվել է խմբաքանակը վերադարձնելու կարգադրագիր։ Եվ եթե որոշակի պահի խանութներում հայտնաբերենք այս խմբաքանակը, իրենք դրա համար որոշակի պատասխանատվություն կկրեն»,– ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` տնտեսվարողը պարտավոր է խոտանված խմբաքանակը հավաքել վաճառքից, այլապես կենթարկվի պատասխանատվության։
Ինչ վերաբերում է ընկերության արտադրած այլ ապրանքներին կամ տոմատի մածուկի այլ խմբաքանակներին, ապա դրանց վաճառքի նկատմամբ որևէ սահմանափակում չի կիրառվել։
«Այս պահին այնտեղ արդեն տոմատի մածուկի պատրաստման որևէ գործողություն չի իրականացվում, սեզոնն արդեն ավարտվել է։ Որպեսզի մենք թույլ տանք վերսկսել արտադրությունը, ընկերությունը պարտավոր է նորից որոշակի խմբաքանակ արտադրել, տանել փորձաքննության, փորձաքննության արդյունքներն էլ պետք է նորմալ լինեն»,– մեր հարցին ի պատասխան հայտնեց Անուշ Հարությունյանը` մեկնաբանելով օրենքով նախատեսված ընթացակարգը։
Նշենք, որ «Ռագմակ» ՍՊԸ-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է, ընկերությանը ժամանակ է տրվել խախտումները վերացնելու համար։