Կիբեռանվտանգության մասնագետներն ու իրավապահները ևս մեկ անգամ կրկնում են` անվճար պանիրը միայն թակարդում է։ Հեշտ փող աշխատելու, շահելու, նվեր ստանալու մասին առաջարկների ու հայտարարությունների հետևում սովորաբար խարդախություն է։ Շահարգռելու և ոսկե սարեր խոստանալու նպատակը ձեր անձնական տվյալներին ու բանկային հաշվին տիրանալն է։ Սովորաբար անուն-ազգանունից սկսված հարցերը հասնում են մինչև բանկային քարտի դարձերեսի 3 թվերը։ Ու որքան էլ անվտանգության մասնագետները հորդորում են, սովորեցնում ու պահանջում են խիստ գաղտնի պահել գոնե այդ երեք թիվը` հեշտ փողերի գայթագղությունը երբեն թուլացնում է զգոնությունը։
Խարդախության վերջին դեպքը սոցցանցերում KIA ընկերության անունից տարածված գրառումներն են. իբր ընկերությունը մեքենաներ է նվիրում իր 75-ամյակի կապակցությամբ։ Հայաստանում KIA –ի պաշտոնական ներկայացուցիչն արդեն հերքել է մեքենաներ նվիրելու մասին տեղեկությունը։ Բայց վաղը հաստատ կհայտվի որևէ այլ թակարդ։
Դրանք բացահայտելու գործով զբաղվում է Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժինը, որի ղեկավարի հետ զրուցել է Sputnik Արմենիան։ Հայկ Մկրտչյանի խոսքով` կիբերհանցագործները դյուրահավատ քաղաքացիներից կարողացել են տարբեր սխեմաներով հափշտակել մի քանի հազար դրամից մինչև մեկ միլիոն դոլար։