ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի չորս բնակավայրերի վրա, վնասվել է երկու տուն և հինգ մարդատար ավտոմեքենա: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Մեր մարզի միանգամից չորս բնակավայր Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Շեբեկինո քաղաքում անօդաչուից պայթուցիկ սարքի նետման հետևանքով երկու մարդատար ավտոմեքենա է վնասվել»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում:
Մարզի ղեկավարը հավելել է, որ Վոլոկոնովսկի շրջանի Նովոյե գյուղում ԱԹՍ-ից 6 պայթուցիկ սարք է նետվել մարդատար ավտոմեքենայի վրա: Եվս մեկ ԱԹՍ Պլոտվյանկա ավանում հարձակվել է մասնավոր տան և մարդատար մեքենայի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։