ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հնդկաստանը Հայաստան է ուղարկում իր «Akash» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը։ Այս մասին հայտնում է New Indian Express-ը՝ հղում անելով համալիրներն արտադրող «Bharat Electronics Limited» ընկերությանը։
««Bharat Electronics Limited»-ն այսօր նշանակալից քայլ է կատարել Հնդկաստանի պաշտպանական արտահանման ոլորտում, քանի որ պաշտպանական արտադրության քարտուղար (Հնդկաստանի կառավարություն, – խմբ.) Սանջիվ Կումարը թույլատրել է «Akash» համակարգի առաջին մարտկոցը բարեկամ արտասահմանյան երկիր ուղարկել», - ասվում է X սոցցանցում ընկերության հայտարարության մեջ:
Պարբերականը հիշեցնում է, որ 2022 թվականին Հայաստանը պայմանագիր էր ստորագրել Հնդկաստանի հետ շուրջ 60 մլրդ ռուփի (710 մլն դոլար) արժողությամբ 15 «Akash» հրթիռային համակարգերի գնման վերաբերյալ և դարձել առաջին օտարերկրյա երկիրը, որը գնել է այս հրթիռային համակարգերը։
Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից ստեղծված «Akash» համակարգը «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և «օդ-երկիր» հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ օդային միջոցներ մինչև 25 կմ հեռավորության վրա:
Bharat Electronics Limited-ի կողմից արտադրվող «Akash» համակարգի ամեն մարտկոց ունի էլեկտրոնային սկանավորմամբ աշխատող 3D տեղորոշիչ և 4 արձակման կայան, որոնցից յուրաքանչյուրը զինված է 3 հրթիռով:
Ավելի վաղ «Bharat Forge» ընկերությունը (հրետանային համակարգերի հնդկական առաջատար արտադրող) հաստատել էր, որ վերջերս ցուցադրած «MArG 155» անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար։