ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը գրանցվել է Բաքվում COP-29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն հայկական պատվիրակությունը ներկայացված չէ միջոցառմանը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Բաքուն հրավերներ է ուղարկել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի բոլոր կողմերին։
«Ցավոք, Հայաստանը ներկայացված չէ COP–29-ում, թեև հայկական պատվիրակությունը գրանցվել էր համաժողովին մասնակցելու համար»,- հայտարարել է պաշտոնյան։
Միևնույն ժամանակ նա Երևանին մեղադրել է միակողմանի քարոզչություն անելու մեջ։
Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11–24–ը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը որպես բարի կամքի քայլ իր աջակցությունը հայտնեց այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունը հայտնեց Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Բաքու մեկնելու և COP–29–ին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:
Հոկտեմբերի 31–ին, երբ ԱԺ–ում պատգամավորները Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պաշտոնական Երևանը պատրաստվո՞ւմ է COP–29-ին մեր երկրի մասնակցության համար նախապայման դարձնել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը, Միրզոյանը նշեց, որ գերիների հարցը թիվ մեկ առաջնահերթություններից մեկն է։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հաստատել էր, որ Հայաստանը ստացել է COP-29–ի մասնակցության հրավեր։