Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում

ՀԱԷԿ
Պեկինը տեղեկացված է նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ քննարկումների մասին և հայկական կողմի ցանկության դեպքում պատրաստ է մասնակցել նախագծին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբեր – Sputnik. Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Մենք տեղեկացված ենք նոր ատոմակայանի կառուցման մտադրության մասին։ Ըստ հայկական կողմի պահանջների ու անհրաժեշտության` պատրաստ ենք մասնակցել այս բոլոր ծրագրերին ու օգնել հայ ժողովրդին բարելավել կենսամակարդակը»,– ասաց նա։
Ժամանակավոր հավատարմատարը հիշեցրեց, որ այժմ չինական կողմը Գեղարքունիքի մարզում ֆոտովոլտային կայան է կառուցում, որը շուտով շահագործման կհանձնվի:
Անդրադառնալով Հարավային Կովկասի նոր հաղորդակցություններին` Մին Չենը նշեց, որ Չինաստանը շահագրգռված է դրանց բացմամբ։ Նրա խոսքով՝ Պեկինում հուսով են, որ տարածաշրջանի երկրներին կհաջողվի քաղաքական երկխոսության միջոցով լուծել առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները:
«Չինական առաջատար ընկերությունները ցանկանում են մասնակցել տարածաշրջանի տնտեսական կյանքին, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հաշվի առնելով դա` մենք պատրաստ ենք աջակցել տարածաշրջանի առկա խնդիրների խաղաղ լուծմանը և դրանով նպաստել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացմանը»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ այն երկարացվել է մինչև 2026 թվականը: Այս ընթացքում իշխանությունները պետք է հասցնեն նոր կայան կառուցել էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար։
Ի՞նչ կառուցել ու ի՞նչ նպատակով. փորձագետները` ՀՀ–ում նոր ատոմակայանի խնդրի մասին