ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Արևմուտքը համաշխարհային գործընթացներում առաջատարի դերը պահպանելու իր փորձերում ուզում է խաթարել տարածաշրջանային կայունությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Այդ պատճառով Կազանում ԲՐԻԿՍ-ի ընդլայնված գագաթնաժողովում հատուկ ուշադրություն էր դարձվել հակամարտությունների խաղաղ կարգավորման և արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման խնդիրներին»,- ասել է Բելոուսովը ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում իր այսօրվա ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ ռազմական ոլորտում համատեղ գործունեության կարևորագույն ուղղությունը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է։
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են տարբեր երկրների և կազմակերպությունների հետ հետագա փոխգործակցության շրջանակում օժանդակել Եվրասիական տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:
Բելոուսովն ասել է, որ ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունները հաջորդ տարի կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում։ Որոշումներ են կայացվել կատարելագործել ռազմական նշանակության համատեղ համակարգերը, մասնավորապես՝ պետական ռադիոտեղորոշիչ միասնական համակարգը, ռազմական նշանակության գեոտեղեկատվական միասնական համակարգը, ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միասնական համակարգը։ Հաստատվել է նաև Մեծ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստական ծրագիրը։
Հայաստանը նիստին չի մասնակցել։ Հանդիպմանը ներկա են եղել ադրբեջանական բանակի ԳՇ պետ Քերիմ Թոֆիգ օղլու Վալիևը, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը, Ղրղզստանի ՊՆ ղեկավար Բակտիբեկ Բեկբոլոտովը, Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն, Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Յուրի Դաշկինը։