Մասնագիտական հանրության դիտողությունները բացառապես իրավական հարթությունում են.Հայրապետյան

Sputnik
Ազգային ժողովը հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով պարտավորեցնում են տնտեսվարողներին տեղադրել տեսախցիկներ 50 քառակուսի մետրից մեծ սննդի կետերի, դեղատների, խանութների, ռեստորանների, հյուրանոցների և բիզնեսի այլ տեսակների կառույցների մուտքին ու շինության այլ հատվածներում, և, որ այդ տեսախցիկներին նկարահանածները պետք է շուրջօրյա ռեժիմով հասանելի լինեն ոստիկանությանը։
Ներքին գործերի նախարարությունը հիմնավորում էր, որ դա կնպաստի երկրում ավելի անվտանգ միջավայրի ապահովմանը։ Փաստաթուղթի վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնեցին հանրության տարբեր շերտեր` թե տնտեսվարողները, և թե կիբեռանվտանգության մասնագետները։
Նախագիծը քննադատել են նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական բանկը: Ի վերջո Ներքին գործերի նախարարությունը երեկ հայտարարեց, որ առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ է մնում նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։
Եթե հանրությունը չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ».-ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Անձնական տվյալների պաշտպանության մասնագետ Գևորգ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դրական է գնահատել Ներքին գործերի նախարարության քայլը, վերահաստատելով, որ մասնագիտական հանրության մտահոգությունները տեղին են և փաստարկված։
«Մասնագիտական հանրության դիտողությունները բացառապես իրավական հարթությունում են».-ընդգծում է Հայրապետյանը։