Հանցավորության վիճակի, ոստիկանության բարեփոխումների արդյունքների վերաբերյալ Ազգային ժողովում հոկտեմբեր ամսին կայացած խորհրդարանական լսումներում ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը զեկուցեց, որ հիմնական հանցատեսակներից վերջին 5 տարիներին աճել են սպանության դեպքերը` միջինում աճը կազմել է 12.1 տոկոս, սպանության փորձի դեպքերը` միջինում աճը՝ կազմել է 18.4 տոկոս և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը` միջինում աճը՝ 15.6 տոկոս է կազմել։
Միայն անցած մի քանի օրերին ոստիկանության հաղորդագրություններից տեղեկացանք, որ հանրապետությունում սպանությունների մի քանի դեպքեր են արձանագրվել, որոնցից մեկը անչափահասի սպանություն էր, ըստ հաղորդագրության` ընդամենը sms-ի պատճառով։
Առանձնապես ծանր հանցագործությունների քանակի աճն, ըստ Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի` ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է։