ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի գյուղերի գլխավոր խնդիրը երիտասարդության զարգացման հնարավորության, ինչպես նաև կրթամշակութային մակարդակին նպաստող միջավայրի բացակայությունն է: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց «Հաղորդակցությունների զարգացման միջազգային ինստիտուտ-ՄԻՐ» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վալենտինա Կոմլևան՝ մեկնաբանելով «Զարգացման առաջնորդների համաժողով – 2024. ինտելեկտուալ առաջնորդություն» երկրորդ համաժողովի արդյունքները:
Նոյեմբերի 7-11-ը ԵՊՀ-ում անցկացվել է «ՄԻՐ» մարդասիրական հիմնադրամի (Ռուսաստան) հետ համագործակցությամբ կազմակերպված «Զարգացման առաջնորդների համաժողով-2024. ինտելեկտուալ առաջնորդություն» խորագրով համաժողովը, որին մասնակցել է 20-35 տարեկան 35 մարդ:
Կոմլևայի խոսքով՝ այս տարի համաժողովի հիմնական թեման կապված էր «ինտելեկտուալ առաջնորդության» հետ, քանի որ երկրի մտավոր ներուժը ինքնիշխանության պահպանման և ազգի ու պետության զարգացման ամենանշանակալի գործոնն է:
«Մենք վերլուծում ենք հասարակական գործընթացները, որոնք տեղի են ունենում հետխորհրդային տարածքում, գիտական, ակադեմիական բաղադրիչի զարգացման հարցերը, և դա ցույց է տալիս, որ վերջին տարիներին մտավոր ներուժը զգալիորեն նվազում է», - ասաց Կոմլևան:
Կոմլևան ընդգծեց, որ համաժողովի նպատակն է երիտասարդներին մոտիվացնել ինքնազարգացման՝ առաջին հերթին Հայաստանում ինտելեկտուալ ակումբների զարգացմանն ուղղված նախագծեր ստեղծելու համար:
Մասնակիցների թվում քիչ չէին բիզնեսում արդեն կայացած, սոցիալական նախագծերում ներգրավված մարդիկ, որոնք աշխատում են ՀԿ-ներում: Իրենց ակտիվությամբ աչքի ընկան նաև ինտելեկտուալ զարգացման նախագծեր առաջարկող ուսանողները։
Կոմլևան նշեց, որ ներկայացված նախագծերը կապված են եղել երիտասարդների ինտելեկտուալ զարգացման պայմանների, նրանց մշակութային, կրթական մակարդակի բարձրացման հետ: Այս ծրագրերն ուղղված են Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Համաժողովի մասնակիցների հավաստմամբ` երիտասարդների աշխատանքի տեղավորման հարցն այսօր առավել սուր է, ուստի նման նախագծերն շատ պահանջված են:
«Այս տարի ներկայացված նախագծերի գերակշիռ մասը կազմում է սոցիալ-տնտեսական բաղադրիչը, որը կապված է աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտության, երեխաներին, ծերերին, սոցիալապես անապահով խավերին անվճար ծառայություններ մատուցելու հետ», - ասաց Կոմլևան։
Համաժողովի շրջանակում հաղթող են ճանաչվել երեք նախագծեր, որոնց հեղինակները «ՄԻՐ-Հայաստան» հիմնադրամից ստացել են նյութական և մեթոդական աջակցություն։
Առաջին հաղթող նախագիծը՝ «Առաջնորդության ակադեմիան» (Շիրակ), առաջարկում է երիտասարդների հմտությունների զարգացում՝ բարձրացնելու նրանց ինքնաիրացման աստիճանը: Երկրորդ հաղթող նախագիծը՝ «Պետական կառավարման դպրոցը» (Տավուշ), անդրադառնում է երիտասարդության ինտեգրմանը և որոշումների կայացման վրա դրա ազդեցությանը: Հաղթել է նաև «Հայաստանի գրկում» (Արագածոտն) նախագիծը, որն ուղղված է մարզի պատմական անցյալի և զբոսաշրջային ներուժի վերաբերյալ տվյալ տարածաշրջանի բնակիչների իրազեկվածության աստիճանի բարձրացմանը:
Հումանիտար զարգացման միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ համաժողովը հետաքրքիր է նրանով, որ հաղթողները կստանան մեկնարկային աջակցություն՝ զարգացման հեռանկարներով:
«Սա հարթակ է, որը միավորում է մարդկանց։ Այն բազա է երիտասարդների համար, որոնք պատրաստ են աշխատել հանուն իրենց երկրի», - ասաց նա։
Կազմակերպիչները հուսով են, որ համաժողովը տեղի կունենա նաև 2025 թվականին, իսկ թեման կմնա նույնը՝ «ինտելեկտուալ առաջնորդություն»:
Վալենտինա Կոմլևան և Արման Ղուկասյանը
© Sputnik / Andranik Ghazaryan