ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ–ի բանաձևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բանաձևի համահեղինակներն են տասնյակ պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, Բելառուսը, Չինաստանը, Մալին, Հյուսիսային Կորեան, Սերբիան և Հարավային Աֆրիկան։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 116, դեմ՝ 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան։ 11 պետություն ձեռնպահ է մնացել։
Ռուսաստանի պատրաստած փաստաթուղթը բաղկացած է 74 կետից։ Մասնավորապես, այն «խորհուրդ է տալիս պետություններին ձեռնարկել համապատասխան կոնկրետ միջոցներ, ներառյալ օրենսդրական և կրթական ոլորտներում, մարդու իրավունքների ոլորտում դրանց միջազգային պարտավորություններին համապատասխան, որպեսզի կանխվի Համաշխարհային երկրորդ պատերազմի պատմության և արդյունքների վերանայումը»:
Փաստաթղթի հեղինակները նաև վճռականորեն դատապարտում են նացիզմի հերոսացման և քարոզչության հետ կապված միջադեպերը, մասնավորապես՝ նացիստամետ բովանդակությամբ գրաֆիտիների և պատկերների կիրառումը, այդ թվում՝ Համաշխարհային երկրորդ պատերազմի զոհերի հուշարձանների վրա։ Տեքստում առանձին նշվում է նացիստական ռեժիմի և նրա դաշնակիցների ցանկացած հանդիսավոր փառաբանումն արգելելու մասին հանձնարարականը:
Փաստաթուղթը կոչ է անում պետություններին վերացնել ռասայական խտրականության բոլոր ձևերը համապատասխան բոլոր միջոցներով, այդ թվում օրենսդրական մակարդակով, եթե դա են պահանջում հանգամանքները:
Բացի այդ, բանաձևի նախագիծը խստորեն դատապարտում է ուսուցման ընթացքում ռասիզմը, խտրականությունը, ազգային պատկանելության, կրոնի կամ համոզմունքի հիման վրա ատելությունը և բռնությունը քարոզող հռետորաբանությունը: