ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17–19–ը կժամանի Հայաստան` մասնակցելու ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 38–րդ նիստի աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Ռուսական պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու համար ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր համապատասխան կարգադրություն է ստորագրել։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ կազմակերպել Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2024 թ. նոյեմբերի 17–19–ը Հայաստանի Հանրապետություն (ք. Դիլիջան) ժամանող՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակության ընդունելությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությանը կընդունի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Նշվում է, որ ընդունելությունը կկազմակերպվի 2024 թ. ՀՀ պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: