ՀՀ ՍԱՏՄ–ն նոր ղեկավար ունի. Փաշինյանը որոշում է ստորագրել

Արմեն Դանիելյանը. Արխիվային լուսանկար
Այս պաշտոնը թափուր էր նոյեմբերի 6–ից, երբ հրաժարականի դիմում ներկայացրեց ՍԱՏՄ արդեն նախկին ղեկավար Արմեն Հայրապետյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունի։ Այդ մասին այսօր որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Դանիելյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,– նշված է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ Փաշինյանը նրան ազատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2022 թ. օգոստոսի 18–ից։
Հիշեցնենք, որ Արմեն Հայրապետյանը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել նոյեմբերի 6–ին: Հայրապետյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. փետրվարից։