Երևանը ռուսական ալիքների մասին 2-րդ անգամ է առաջարկ ուղարկել Մոսկվա. սպասում են արձագանքի

ԲՏԱ նախարարը շեշտեց, որ ցանկանում են համաձայանգրում փոփոխություններ կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը երկրորդ անգամ ռուսական կողմին է ուղարկել իր առաջարկությունները` երկրում ռուսական ալիքների հեռարձակումը կարգավորող միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են արվում ռուսական հեռուստաալիքների համաձայնագրի մասով։
Փաստաթուղթը ստորագրվել էր 2020 թվականին։ Համաձայնագրի նպատակն է երկու երկրի եթերներում բացառել այն հաղորդումները, որոնք իրենցից կներկայացնեն միջամտություն ներքին գործերին, վիրավորանքներ մյուս երկրի և ժողովրդի հասցեին։
«Մենք 4 ամիս առաջ միջպետական համաձայնագրում փոփոխություններ անելու առաջարկներն ուղարկել ենք մեր ռուս գործընկերներին։ Արձագանք չենք ստացել, ու 1 ամիս առաջ նույնպես նույն առաջարկներն ուղարկել ենք։ Այժմ ակնկալում ենք, որ արձագանք կստանանք` հասկանալու մեր ռուս գործընկերների պատկերացումները, արդյոք հնարավոր են համարում այդ փոփոխությունները, թե ոչ»,– նշեց Հայրապետյանը։
Հարցին` եթե արձագանք կրկին չլինի, հնարավոր է արդյոք միակողմանի պայմանագիրը խզվի, նախարարը խուսափեց պատասխանել՝ լրագրողին ուղղակի լավ օր մաղթելով։