Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. տաքսու վարորդը ձերբակալվել է

Պարզվել է, որ վիճաբանություն է եղել երկու տղամարդկանց միջև, որն էլ ավարտվել է սպանությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանում` Աէրացիա թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ, տաքսու վարորդը մահակով խփել է 68-ամյա տղամարդու գլխին, ինչի հետևանքով տղամարդը մահացել է։ Տաքսու վարորդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Աերացիայի «Զովք» սուպերմարկետի մոտ նոյեմբերի 10-ին, ժամը 21։00-ի սահմաններում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Նրա սպանության մեջ կասկածվողը դեպքի վայրից ավտոմեքենայով դիմել է փախուստի։
«Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ 68-ամյա Սահակ Շահենյանն է: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել»,–հայտնում է ոստիկանությունը։
Պարզվել է նաև, որ ժամը 20.30-ի սահմաններում նշված սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի 56-ամյա բնակչի և Սահակ Շահենյանի միջև, որի ընթացքում 56-ամյա տղամարդը որպես տաքսի շահագործվող իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկից վերցրել է փայտե մահակն ու հարվածել Սահակ Շահենյանի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում 56-ամյա տղամարդը ժամը 23.40-ին Դարբնիկ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և, իր վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն: Մեքենան տեղափոխվել է Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք: