ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Բաքվում անցկացվող COP–29-ին Հայաստանի մասնակցությունը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Մեր մասնակցության հարցը կախված է բանակցությունների ընդհանուր դինամիկայից, մենք դեռ որոշում չունենք։ Մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք, երբ որոշումներ կայացնենք COP–29–ին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»,–ասաց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11–24–ը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը որպես բարի կամքի քայլ իր աջակցությունը հայտնեց այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունը հայտնեց Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Բաքու մեկնելու և COP–29–ին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:
Հոկտեմբերի 31–ին, երբ ԱԺ–ում պատգամավորները Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պաշտոնական Երևանը պատրաստվո՞ւմ է COP–29-ին մեր երկրի մասնակցության համար նախապայման դարձնել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը, Միրզոյանը նշեց, որ գերիների հարցը թիվ մեկ առաջնահերթություններից մեկն է։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հաստատել էր, որ Հայաստանը ստացել է COP-29–ի մասնակցության հրավեր։