ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է ոչ թե Ռուսաստանին նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ուղղի այն սխալները, որոնք թույլ են տվել դեմոկրատները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ կկարողանա բանակցությունների միջոցով հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը: Թրամփն արդեն մեկ անգամ չէ հայտարարել, որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը կարող է լուծել մեկ օրում։ Այնինչ ՌԴ-ում կարծում են, որ դա չափազանց պարզ լուծում է նման բարդ խնդրի համար։
«Մենք ինքներս էլ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց հենց Վաշինգտոնն է արգելել Զելենսկուն մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին, այդ թվում՝ դա Ուկրաինայում ամրագրելով օրենսդրորեն։ Ուստի պետք չէ Ռուսաստանին «նստեցնել», այլ պետք է շտկել այն հանցավոր սխալները, որ թույլ են տվել ամերիկյան լիբերալ–դեմոկրատները», – ասել է Զախարովան RTVI-ին։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում էր փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետականը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսն արդեն հրապարակային ելույթում ընդունել է ընտրություններում պարտությունը:
Թրամփը կդառնա ավելի քան 120 տարվա ընթացքում առաջին նախագահը, որը չի կարողացել վերընտրվել երկրորդ անընդմեջ ժամկետով, սակայն հետո կրկին մասնակցել է ընտրություններին և հաղթանակ տարել: 19-րդ դարում դա հաջողվել է 22-րդ և 24-րդ նախագահ Գրովեր Քլիվլենդին։