Համակարգի կատարելագործման համար որոշակի անցումային ժամանակ է հարկավոր. Մարինե Հարությունյան

Sputnik
Թե՛ բժիշկները, և թե՛ հանրությունը պետք է գիտակցեն, որ դեղը պետք է դեղատնից ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության դեպքում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը` մեկնաբանելով էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի դուրս գրման գործընթացը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը հետաձգելու որոշման նախագիծը։
«Դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր` անցումային, որպեսզի այդ ընթացքում մենք նորից իրազեկման լայնածավալ աշխատանքներ կատարենք։ Եվ հուսանք, որ երբ այդ ժամանակը գա, բնակչությանը ու նաև` տնտեսվարողներին գործընթացն ավելի հասկանալի կլինի, համակարգն էլ` ավելի կատարելագործված»,– ասել է Հարությունյանը` համոզմունք հայտնելով, որ 2 տարին բավարար է նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար։
Առողջապահության նախարարությունը որոշել է 2 տարով հետաձգել էլեկտրոնային դեղատոմսերով դեղերի վաճառքի ամբողջական անցման գործընթացը։ Գերատեսչությունն արդեն հանդես է եկել համապատասխան իրավական նախաձեռնությամբ` նախատեսված 2025թ–ի հունվարի փոխարեն կառավարությանն առաջարկելով սահմանել նոր ժամկետ` 2027թ–ի հունվարը։
Էլեկտրոնային դեղատոմսերի` Armed հավելվածի միջոցով կիրառությունը Հայաստանում ներդրվեց 2024թ–ի մարտի 1–ից։ Առաջին փուլում պարտադիր դեղատոմսերի առկայության պահանջ սահմանվեց 470 անուն դեղերի համար։ Հայաստանում գրանցված մնացած 2 566 անուն դեղերի վաճառքը պետք է խստացվեր արդեն հաջորդ տարվանից։