Երկրի կեսը իրենց 9 բալից բացի հորքուր-մորքուրների բալերն էլ են օգտագործում. Արտակ Խաչատրյան

Sputnik
ԱԺ նախագահի ազդարարած օրենքի նախագիծը` վարորդների բալերն ավելացնելու մասին, արդարացված չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեսակետ է հայտնել վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը։
«13 բալը ի՞նչ հիմնավորմամբ են տալիս։ Օրինակ` առաքիչների կամ տաքսու վավորդների դեպքում կարելի է մտածել, բայց մնացած քաղաքացիների դեպքում, անիմաստ է։ Մանավանդ, որ երկրի կեսը միայն այդ 9 բալից չի օգտվում, հորքուրների, մորքուրների 9 բալերն էլ հետն են օգտագործում։ Այսինքն` եթե 13 բալ դարձնեն, նման մարդիկ արդեն 26 կամ 39 բալ կունենան»,– ասել է փաստաբանը։
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս հայտարարեց, թե մի խումբ վարորդների հետ քննարկելուց հետո հանդես է եկել վարորդներին տարեկան տրվող բալերն ավելացնելու օրենսդրական նախաձեռնությամբ։
Գործող կարգավորմամբ` վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարվա համար տրամադրվում է 9 բալ, որոնք, որոշակի խախտումներ կատարելու դեպքում սպառվում են, և եթե վարորդը կորցնում է իր բոլոր բալերը, 6 ամսով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Տույժի ժամկետը լրանալուց հետո վարորդի իրավունքը վերականգնվում է, և նա ստանում է տվյալ տարվա համար նախատեսված նոր 9 բալը։
Ալեն Սիմոնյանի նախագծով բացի բալերն ավելացնելուց առաջարկվում է ավելացնել նաև ոչ սթափ վիճակում կամ հանդիպակաց գոտով երթևեկող վարորդներից հանվող բալերի թիվը։