Ողջունելի է ցանկացած քայլ ի նպաստ Հայաստանի բարգավաճման. Աբեդինը՝ ՌԴ հյուպատոսության մասին

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին
Սյունիքի մարզն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար. այնտեղով է անցնում հայ-իրանական սահմանը և առանցքային ցամաքային երթուղին, որով օրական հարյուրավոր բեռնատարներ են անցնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Իրանը ողջունում է ցանկացած քայլ, որը կնպաստի Հայաստանի և նրա ժողովրդի զարգացմանը, բարգավաճմանը և անվտանգության ապահովմանը:
Այս մասին Sputnik Արմենիային ասաց Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» փորձագիտական սեմինարի ժամանակ մեկնաբանելով Կապանում հյուպատոսություն բացելու ՌԴ մտադրությունը։
Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է վերջին երկու տարիներին։ 2023 թվականի սեպտեմբերից Կապանում է գտնվում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության բացման պատասխանատու առաջավոր խումբը։
«Ռուս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեցի Կապանում գլխավոր հյուպատոսության բացման ժամկետներով», - նշեց Վարամինը։
Նա նաև շեշտեց Սյունիքի մարզի առանձնահատուկ կարևորությունն Իրանի համար. այնտեղով է անցնում հայ-իրանական սահմանը և կարևորագույն ցամաքային երթուղին, որով օրական հարյուրավոր բեռնատարներ են անցնում:
2022 թվականի հոկտեմբերից Կապանում Իրանի հյուպատոսությունն ակտիվորեն կազմակերպում է մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ լեզվի դասընթացներ և փառատոներ՝ տեղի բնակչության հետ կապերն ամրապնդելու նպատակով։
Վարամինը նաև տեղեկացրեց, որ մարզպետարանի հետ համատեղ աշխատանքներ են տանում Կապանում կամ Սյունիքի մարզի մեկ այլ քաղաքում իրանական ապրանքների համար լոգիստիկ կենտրոն ստեղծելու ուղղությամբ:
Իրանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց հստակություն է ուզում
«Այժմ իրանցի գործարարների հիմնական մասը կենտրոնացած է Երևանում, ուստի ապրանքները նախ հասնում են մայրաքաղաք, ապա բաշխվում ամբողջ երկրում, ներառյալ՝ Սյունիքի մարզը», - պարզաբանեց նա՝ նշելով, որ այդ սխեման դանդաղեցնում և բարդացնում է առաքումը:
Նշենք, որ Սյունիքի մարզպետն առաջարկել է տեղ հատկացնել իրանցի գործարարների համար, ինչը թույլ կտա ապրանքներն ավելի արագ առաքել Հայաստանի այլ բնակավայրեր: