ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զորքերը ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի գործողություններն ապահովող էներգետիկայի օբյեկտները, ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են Ուկրաինայի զինված ուժերի գործողություններն ապահովող էներգետիկայի օբյեկտները, ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակումները 147 շրջաններում»,- ասվում է նախարարության ամփոփագրում:
Գերատեսչության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է ԱՄՆ-ի արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ և 67 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։